ԱՀ նախագահը պարգևատրել է օլիմպիադաների դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

19:04, 14 Հունիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ-ում անցկացված 2020-2021թթ․ ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմների արժանացած արցախցի աշակերտների պարգևատրման արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին օլիմպիադայում գրանցած հաջողությունների կապակցությամբ, պարգևատրել աշակերտներին դյուրակիր համակարգիչներով, իսկ  նրանց ուսուցիչներին՝ դրամական պարգևներով։

«Թեպետ 2020 թվականի աշնանային պատերազմը չափազանց խաթարել է կրթական պրոցեսը և բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել մեր աշակերտների համար, այնուամենայնիվ, նրանց հաջողվել է հերթական անգամ բարձր արդյունքներ ցուցադրել։ Որակյալ կրթությունը և կրթված ու հայրենասեր սերունդը մեր երկրի զարգացման ու ժողովրդի բարեկեցության կարևոր գրավականն է, և կառավարությունը ջանք չի խնայելու կրթության որակի բարձրացման և համակարգում բարեփոխումների իրականացման ուղղությամբ», - նշել է Արայիկ Հարությունյանը։ 

 

Պարգևատրման արարողությանը ներկա է եղել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։

 


© 2009 ARMENPRESS.am