Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ազգային միասնության ավտոերթ կանցկացվի դեպի Սյունիք

18:56, 14 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատում բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 15-ին այցելելու են Սյունիքի մարզ: Նա հրավիրեց Հայաստանի մյուս մարզերի, համայնքների բնակիչներին վաղ առավոտյան միանալ ավտոերթին և աջակցություն հայտնել Սյունիքին:

«2020 թվականի նոյեմբերից Հայաստանում այսպիսի միտում է նկատվում: Խոսակցություններ են շրջանառում, թե այս կառավարությունը Սյունիքը տալիս է: Այս տրամաբանությունը զարգացնելով՝ ոմանք փորձում են Սյունիքը հակադրել մնացած Հայաստանին: Իհարկե, դա չի ստացվի, բայց մենք հետևյալ առաջարկն ունենք: Վաղը մեր թիմը քարոզարշավով մեկնում է Սյունիք: Մենք ուզում ենք, որ վաղն ի ցույց դնենք ամբողջ Հայաստանի միասնությունը:  Վաղը առավոտյան ժամը 07:30-ին Երևանի Հանրապետության հրապարակից հազարավոր ավտոմեքենաներով մեկնում ենք Սյունիք՝  հայտնելու մեր աջակցությունը,  ցույց տալու Հայաստանի միասնությունը, խոնարհումը: Բոլորին հրավիրում եմ ազգային միասնության ավտոերթի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am