Վաղարշակ Հարությունյանն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

19:01, 11 Հունիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի ուղեկցությամբ ծանոթացել է կրթօջախի ուսումնական պայմաններին, պատասխանել ակադեմիայի ուսանողների հարցերին: Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են Ճգնաժամային կառավարման ակադեմիայում իրականացվող ռոբոտաշինության, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի նախագծման ոլորտում իրականացված աշխատանքները:

Այցելության ընթացքում Վաղարշակ Հարությունյանը և Անդրանիկ Փիլոյանը քննարկում-խորհրդակցություն են անցկացրել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմի հետ, քննարկել ակադեմիայի և ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների փոխգործակցության հետ կապված մի շարք ծրագրեր:


© 2009 ARMENPRESS.am