Երկու ակումբ ստացավ 2021/2022թթ. մրցաշրջանի Առաջին խմբում հանդես գալու իրավունք  

15:59, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 11-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 6 թեկնածուների՝ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի, «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «Վաղարշակ (Վաչիկ) Տիգրանի Ղալթախչյան ՖԱ» ՀԿ-ի և «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

 Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 2-ին՝ «Նորավանք ՖԱ» և «Լեռնային Արցախ ՖԱ»-ին: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2021/2022թթ. մրցաշրջանի ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:

Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանի միջնորդությամբ կոմիտեն չքննեց «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի և «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ի դիմումները՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջիններս արտոնագրային դիմում ներկայացնելուց հետո սեփական որոշմամբ հրաժարվել էին մասնակցել ակումբների արտոնագրման գործընթացին և խզել արտոնագրման գործընթացի համար նախատեսված պայմանագրերը՝ այդ պահից ի վեր չհանդիսանալով արտոնագրման թեկնածուներ:


© 2009 ARMENPRESS.am