Արման Աբովյանը զերծ մնաց «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցությունը մեկնաբանելուց

14:14, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկինում բացառել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը, սակայն «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցության մասին հստակ ոչինչ չի հայտնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Ես կրկնում եմ այն դիրքորոշումը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն է արտահայտել՝ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի հետ մենք կոալիցիա չենք ստեղծելու, դա բացառված է: Մնացած ուժերի հետ կապված բոլոր գործընթացների մասին առայժմ զերծ կմնամ խոսելուց»,- նշեց Աբովյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք իրենք որևէ կոալիցիա կստեղծեն այլ ուժի, օրինակ «Հայաստան» դաշինքի հետ:

Նա ընդգծեց, որ քաղաքական զարգացումներ են ընթանում և ավելորդ կարծիքներ դեռևս պետք չէ ասել:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն հունիսի 20-ին: Ընթանում է նախընտրական քարոզարշավը: ԲՀԿ-ն գործող խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժ է:


© 2009 ARMENPRESS.am