Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը

09:01, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական  ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին Երևանի ժամանակով 08:00-ին և կավարտվի հունիսի 13-ին Երևանի ժամանակով 20:00-ին:

Քվեարկության արդյունքները կամփոփվեն և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը, այսինքն՝ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ից հետո:

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակի՝ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 650 անձ:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակելու համար նախապես գրանցվել էր 26 քաղաքական ուժ, սակայն ԿԸՀ-ն հունիսի 10-ին ուժը կորցրած ճանաչեց «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը: Կուսակցությունն ինքն էր ինքնաբացարկի դիմում ներկայացրել: 


© 2009 ARMENPRESS.am