Նիկոլ Փաշինյանը կադրային ջարդ կիրականացնի պետական համակարգում «տրոյական ձիու» դեր իրականացրած պաշտոնյաների նկատմամբ

15:25, 8 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ ընտրվելու դեպքում Հայաստանի պետական կառավարման համակարգում իրականացնել կադրային ջարդ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը այս մասին ասաց  Արագածոտնի մարզում Թալին համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Ինչպես 2018 թվականին հեղափոխությունից առաջ ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են, և կադրային ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, ովքեր 2018 թվականից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այդ ողջ ընթացքում կատարել են «տրոյական ձիու» դերակատարում: Այո, տվեք այդ կադրային ջարդը անելու մանդատը և մենք բոլոր «տրոյական ձիերին» դուրս կշպրտենք Հայաստանի պետական կառավարման համակարգից»,- ընդգծեց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am