Թրամփը «Ֆեյսբուք»-ում իր էջերն արգելափակելու որոշումը վիրավորանք է համարում 75 մլն ամերիկացիների համար

11:05, 5 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախկին  նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կողմից իր էջն առնվազն մինչև 2023 թվականն արգելափակելու որոշումը վիրավորանք է ավելի քան 75 մլն ամերիկացիների համար, ովքեր նախորդ տարի նախագահական ընտրություններին քվեարկել էին իր օգտին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Թրամփի գրասենյակի կողմից տարածած հայտարարության մեջ:

«Նրանք չեն կարող մարսել այս գրաքննությունը, ի վերջո մենք կհաղթենք: Մեր երկիրն այլևս չի կարող հանդուրժել նման ծաղրանքը»,- նշել է Թրամփը:

«Ֆեյսբուք»-ի որոշմամբ՝ հունիսի 4-ին սոցիալական ցանցում Թրամփի օգտահաշիվներն արգելափակվել են: Հանրապետական գործիչը կարող է իր հաշիվները վերականգնել միայն երկու տարի անց՝ հստակ կանոններ պահպանելու պարագայում:

Վաշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններից հետո «Ֆեյսբուք» ընկերությունը զրկել էր Թրամփին  սոցիալական ցանցի իր էջերում հրապարակումներ անելու հնարավորությունից:


© 2009 ARMENPRESS.am