2018-ից հետո Հայաստանում կառավարման մեկ լիարժեք տարի ենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

20:22, 4 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ  վերջին երեք տարին պետության պատասխանատուն եղել է իրենց կառավարությունը, սակայն 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում կառավարման մեկ լիարժեք տարի են ունեցել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ 2019 թվականին Հայաստանը բոլոր ցուցանիշներով գրավել է աշխարհի ուշադրությունը:

«2018 թվականից հետո մենք Հայաստանի Հանրապետությունում կառավարման մեկ լիարժեք տարի ենք ունեցել` դա 2019 թվականն է: Հայաստանը եվրոպական և եվրասիական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը արձանագրած պետությունն է եղել: 2019 թվականին բարձրացել են թոշակները, ուսուցիչների աշխատավարձերը, զինվորականների աշխատավարձերը, Հայաստանը ռեկորդային քանակով զբոսաշրջիկներ են այցելել, բիզնեսը ռեկորդային թվով եկամուտներ է ապահովել, Հայաստանի կառավարությունը 60 միլիարդ դրամի «հուսահատ» պարտք վերադարձրել է բիզնեսին: Սա է մեր կառավարման տարիների իրական պատկերը և արտահայտությունը»,- ասաց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am