ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ՔՊ պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանի Իրանի քաղաքացի լինելու մասին տեղեկությունը

14:46, 4 Հունիս, 2021

ԵՐՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված այն տեղեկության մասին, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի: «Արմենպրես»-ը պարզաբանումը ներկայացնում է ամբողջությամբ:

«2021 թվականի հունիսի 3-ին համացանցում տեղեկություն է տարածվել, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պարզաբանում է. Տիգրան Աբրահամի Դավուդյանը 2021 թվականի մայիսի 17-ին դիմել է անձնագրային ծառայություն` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին:

Անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի պահոցում կատարված ստուգումներով պարզվել է, որ Տիգրան Դավուդյանը 06.10.1999 թ.-ից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Օտարերկրյա պետության, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկություններ բնակչության պետական ռեգիստրի պահոցում առկա չեն:

Ստուգվել է նաև Տիգրան Դավուդյանի կողմից վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը, ինչից հետո 19.05.2021 թ. տրամադրվել է հայցող տեղեկանքը:

Տիգրան Դավուդյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերոհիշյալ տեղեկատվության կապակցությամբ ներկայումս կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ»,-ասված է հաղորդագրությունում:

 


© 2009 ARMENPRESS.am