ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

15:12, 3 Հունիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 2-ից աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի միջոցով տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը: 
Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս - Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:
Մարզկենտրոն Կապանում Սերգեյ Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, ով դեսպանին ներկայացրել է քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար։

© 2009 ARMENPRESS.am