Պատմության հետագծով 

09:00, 2 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1921 թ. հունիսի 2-ին գերմանական դատարանն անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլիրյանին Թալեաթ փաշայի սպանության համար։

-1992 թ. հունիսի 2-ին ընդունվեց Արցախի դրոշը։

-1992 թ. հունիսի 2-ին Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանական բանակը Քարվաճառից (Քելբաջար) ուշադրություն շեղող հարձակում սկսեց։

-1098 թ. հունիսի 2-ին Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ ավարտվեց Անտիոքի պաշարումը։

-1799 թ. հունիսի 2-ին արքա Պավել I-ի հրամանով Ռուսաստանը ճանաչեց Արցախի մելիքների անկախությունը։

-1882 թ. հունիսի 2-ին մահացել է Ջուզեպպե Գարիբալդին՝ իտալացի գեներալ, քաղաքական գործիչ, գրող, ինքնակենսագիր եւ ազգայնական, ով մեծ դերակատարություն է ունեցել ժամանակակից Իտալիայի պատմության մեջ։ Նա համարվում է մեր ժամանակների ամենանշանավոր գեներալներից մեկը, ով Կամիլլո Բենսո Կավուրի, Վիկտոր Էմանուիլ 2-րդի եւ Ջուզեպպե Մացցինիի հետ միասին հայտնի է որպես «Հայրենիքի հայրեր» տիտղոսի կրող։ Ջուզեպպե Գարիբալդին պատմությանն առավել հայտնի է որպես Ռիսորզիմենտոյի՝ իտալական համազգային շարժման առաջնորդ, ով հետագայում դարձել է Իտալիայի ազգային հերոս։

-1886 թ. հունիսի 2-ին ԱՄՆ-ի պատմության առաջին եւ միակ անգամ Սպիտակ տանը տեղի ունեցավ պսակադրություն։ ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդն ամուսնացավ Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, ով, իր հերթին, դարձավ ամենաերիտասարդ առաջին տիկինը (21 տարեկան)։

-1953 թ. հունիսի 2-ին տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագադրումը։ 1952-ից մինչ այսօր՝ Մեծ Բրիտանիայի իշխող թագուհի եւ պետության գլուխ։ Նաեւ՝ Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհի, Անգլիական եկեղեցու գլուխ, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատար, գնդապետ։ 1953 թ. մայիսի 29-ից առ 1961 թ. մայիսի 31-ը Հարավային Աֆրիկայի թագուհին էր։ Նա սերում է Վինձորների դինաստիայից։ Գահ է բարձրացել 1952 թ. փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թ. հունիսի 2-ին հոր՝ Ջորջ 6-րդ թագավորի մահից հետո։ Նրա գահակալման ընթացքում է ավարտվել ապագաղութացումը, որը նշանավորվեց բրիտանական կայսրության վերջնական փլուզմամբ եւ վերջինիս փոխակերպմամբ միացյալ թագավորության։ Այս ընթացքը ներառում է նաեւ բազմաթիվ այլ իրադարձություններ, ինչպիսիք են երկարատեւ էթնո-քաղաքական հակամարտությունը Հյուսիսային Իռլանդիայի հետ, Ֆոլկլենդյան պատերազմը, պատերազմներն Իրաքում եւ Աֆղանստանում։

Ա. Հ.   


© 2009 ARMENPRESS.am