ՀՀ ազգային փոքրամասնությունների մանուկները «Հեքիաթ միասին» պոդկաստային նախագծում ներկայացրել են իրենց ժողովրդական հեքիաթները

18:38, 1 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 11  ազգային համայնքների երեխաները հայերենով իրենց ժողովրդական ու ազգային  հեքիաթներն են ներկայացրել «Արմենպրես» պետական-լրատվական գործակալության և Հայաստանի Հանրային ռադիոյի համատեղ՝ «Հեքիաթ միասին» պոդկաստային նախագծում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի մասնակից երեխաները հայերեն ներկայացրել են ռուսական, ուկրաինական, բելառուսական, լեհական, գերմանական, հունական, ասորական, հրեական, վրացական, քրդական, եզդիական և հայկական ժողովրդական ընդհանուր առմամբ՝ 15 հեքիաթ:

«Մեծ բավականություն էր աշխատել երեխաներից յուրաքանչյուրի հետ: Հեքիաթը նրանցից յուրաքանչյուրի մեջ էր, որոնք նրանք նվիրեցին մեզ»,-ասաց «Արմենպրես» պետական-լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը՝  շնորհակալություն հայտնելով մասնակից երեխաներին՝ դժվարին ժամանակներում իրենց ներկայացրած հեքիաթներով բարություն տարածելու և 15 վառ ակնթարթ պարգևելու համար:

ՀՀ վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանի խոսքով՝ նախագիծը հաջողված է:

«Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից ապրել է քաղաքակրթության օջախ հանդիսացող այս տարածքում և կարողացել է բոլոր ժողովուրդների հետ հարաբերություններ ունենալ: Այս նախաձեռնությունը ևս այդպիսի հաղորդակցության արտահայտություն է»,-ասաց Ասցատրյանը:

«Արմենպրես» պետական-լրատվական գործակալությունը և Հայաստանի Հանրային ռադիոն միշտ բաց են նման լավ նախաձեռնությունների համար: Այս մասին իր խոսքում նշեց Հանրային ռադիոյի ներկայացուցիչ Էդգար Ամիրխանյանը՝ կարևորելով հեքիաթների կրթադաստիարակչական նշանակությունը:

[gallery id= 64780]

«Հեքիաթ միասին» նախագիծը կյանքի է կոչվել  ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի կազմակերպչական աջակցությամբ:

Կենտրոնի տնօրեն Ավագ Հակոբյանի խոսքով՝ «Հեքիաթ միասին» նախագծի և շուրջ մեկ ամիս տևած համատեղ աշխատանքի արդյունքը մեկ անգամ ևս ապացուցում է գրքի ու ընթերցանության կարևորությունը:

Հեքիաթները հունիսի 1-ից կհրապարակվեն «Արմենպրես» պետական-լրատվական գործակալության յութուբյան ալիքում և կհեռարձակվեն՝ Հայաստանի Հանրային ռադիոյի մանկապատանեկան ալիքով:


© 2009 ARMENPRESS.am