Սեւանում իրականացվեց Արցախից տեղահանված բնակիչների բժշկական հետազոտության եւ խորհրդատվության ծրագիր

17:40, 31 Մայիս, 2021

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան քաղաքի  Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի տարածքում տեղակայվել էր Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկա, որտեղ ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից, ՌԴ օգնության ծրագրի աջակցությամբ, իրականացվեց Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով տեղահանված եւ Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների համար  բժշկական հետազոտության եւ խորհրդատվության ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, այս անգամ ծրագրի շահառուներն էին Սեւան քաղաքում  ժամանակավորապես բնակվող արցախցիները` շուրջ 50 մեծահասակներ եւ երեխաներ, որոնց տրամադրվել են  թերապեւտի, մանկաբույժի, հոգեբանի խորհրդատվություն, ուլտրաձայնային, վահանաձեւ գեղձի հորմոնների, ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի, Ց-ի վերաբերյալ հետազոտություններ:

«Սեւանի համայնքապետարանի հետ հերթական համագործակցությունն արդյունավետ էր, եւ, հաշվի առնելով այցելուների թվաքանակը եւ պահանջարկը, առաջիկայում նախատեսված է եւս մեկ այց Սեւան համայնք», հավաստեցին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am