«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը

20:52, 29 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Հայաստան»  դաշինքը մայիսի 29-ին ներկայացրեց իր թիմը և ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը, նշեց, որ այն անվանել են «365 օր. Ապագան սկսվում է հիմա»:

«Այս ծրագիրը մենք չենք համարում ավարտուն փաստաթուղթ, սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մեր նպատակն է հետադարձ կապի միջոցով ստանալ առաջարկներ, նոր գաղափարներ, ինչու չէ նաև առարկություններ: Մենք կոչով դիմում ենք հանրությանը, մասնագիտական համայնքներին․ ձեր կարծիքները չափազանց կարևոր են մեզ համար: Դրանով ընդգծում ենք մեր թիմի կարևոր սկբունքներից մեկը՝ մասնակցային կառավարում»,-ասաց Արմեն Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը ներկայացվելու է բոլոր գյուղերում ու քաղաքներում՝ սպասելով առաջարկությունների  ու դիտողությունների, որպեսզի այն համալրվի ու դառնա ավելի աբողջական: Դրանով քաղաքացիներն ավելի մեծ արդյունքներ կտեսնեն: Արմեն Գևորգյանը նշեց, որ փաստաթղթում ներկայացրել են առաջընթացի հիմնական գաղափարները, որոշ հարցերում՝ կոնկրետ քայլեր: Այս  իմաստով սա տեսլականների, գաղափարների ու կոնկրետ գործողությունների համատեղում է:

«Մենք ելնում ենք Հայաստանի այսօրվա իրողություններից, մենք առաջնորդվում ենք պետության զարգացման վերելքի հեռանկարով: Այս փաստաթուղթը քննարկումների, շտկումների արդյունքում կարող  է դառնալ ապագա կառավարության գործունեության իրատեսական ծրագիր: Մեր թիմն առաջարկում է աշխատող երկրի կոնցեպցիան»,-ասաց Արմեն Գևորգյանն՝ ընդգծելով, որ դա վերաբերվում է պետական համակարգին, որը պետք է աշխատի արդյունավետ ու լավ վարձատրվի, դա վերաբերվում է անհատին, որը պետք է ունենա իր կյանքը կառուցելու լայն հնարավորություններ, դա վերաբերվում է մասնավոր հատվածին, որը պետք է ունենա աշխատելու բարենպաստ պայմաններ: Արմեն Գևորգյանը շեշտեց, որ աշխատող երկիր կոնցեպցիայի հիմքում մարդն է, ու դա չպետք է լինի զուտ կարգախոս, այլ՝ հեռանկարի հիմնաքարը: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ծանոթ են երկրում առկա խնդիրներին, գիտեն դրանք լուծելու ճանապարհները, ունեն թիմ, փորձառություն՝ դրանք լուծելու համար:

«Ստեղծված իրավիճակում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա, մեր պետականության, ինքնիշանության հետագա կորուստները հնարավոր է հաղթահարել միայն միասնական ազգային պետական քաղաքականության ու դա իրականացնելու վճռականությամբ: Մեր բոլոր քայլերի հիմքում, իբրև առաջնահերթություն, ներազգային պառակտվածության հաղթարահումն ու ատելության մթնոլորտի բացառումն է լինելու: Վերականգնելու ենք համերաշխության, երկխոսության կենսական մթնոլորտը: Դա ազգային միասնականության օրվա հրամայականն է: Միայն այդպես է հնարավոր ապահովել Հայաստանի բնականոն զարգացումը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Սփյուռքի քաղաքական, ֆինանսական և մտավոր ներուժի համախմբումը բացառիկ անհրաժեշտություն է: Այն պետք է արդյունավետ իրականացվի տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական առհասարակ զարգացման բոլոր ուղղություններին համապատասխան:

«Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ: Կասեցնելու ենք սպասվող արտագաղթի նոր ալիքը, խթանելու ենք հայրենադարձությունը, վերանայելու ենք երկքաղաքացիներին երկրի պետական կառավարման մեջ ներգրավելու  սահմանափակումները: Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նախատեսվում են հատուկ նպատակային ծրագրեր արտերկրյա մասնագետների համար: Պատասխանատու քաղաքացի, ներառական հասարակություն, ազգային ուժեղ պետություն, ըստ Իշխան Սաղաթելյանի՝ սա է լինելու համազգային ներուժի համախմբման ուղենիշը:

«Հայաստան դաշինք»-ի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով անվտանգության ու արտաքին քաղաքական հարցերին, նշեց, որ այդ ոլորտներում առկա է ձախողում: Առաջին աշխատանքը, որ կատարելու են, զինված ուժերի մատունակության վերականգնումն է: Նրա խոսքով՝ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար, այլ ճանապարհ չկա: Բանակը երկրի անվտանգության ողնաշարն է, այն պետք է լինի ժամանակակից, պրոֆեսիոնալ ու մարտունակ:

«Մեր բանակը աջակցության ու լուրջ բարեփոխման կարիք ունի: ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի: Ոստիկանությունը ստեղծված չէ մեկ պաշտոնիայի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար: Մենք կվերադարձնենք ոստիկանությունը ՀՀ օրենքներով գործառույթների դաշտ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Արտաքին քաղաքականության ոլորտում, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կվերականգնեն վստահությունը երկրի հանդեպ՝ որպես կանխատեսելի ու հասկանալի գործընկերոջ: Երկկողմանի մակարդակով բարեկամ պետություններին կառաջարկվի նոր ու հասկանալի օրակարգ:

«Մենք ունենք արագ վերականգնման ներուժ: Մենք կանենք ամեն ինչ, որ դա հետաքրքիր և կենսական կարևոր հարց դառնա նաև մեր դաշնակիցների ու առաջին հերթին Ռուսաստանի համար: Չափազանց կարևոր է նոր օրակարգ ձևավորելը: Մենք չենք կարող նոր գաղափարներ առաջ չբերել: Մենք ի վիճակի ենք մեր բարեկամների հետ ապահովել ու պաշտպանել ՀՀ-ի շահերը: Մենք կվերականգնենք մեր կորցրած դիրքերը միջազգային կառույցներում»,-հավելեց Ռոբերտ Քոչարյանն՝ ընդգծելով, որ պետք է շարժվել դեպի ուժեղ Հայաստան:  


© 2009 ARMENPRESS.am