Արայիկ Հարությունյանը Արցախի հերոս Յուրա Ալավերդյանին հանձնել է «Ոսկե արծիվ» շքանշանը

15:55, 28 Մայիս, 2021
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոս Յուրա Հայկարամի Ալավերդյանին հանձնել է «Ոսկե արծիվ» շքանշանը, որով պարգևատրել էր նրան դեռևս 2020թ. հոկտեմբերի 4-ին՝ մի քանի այլ զինվորների ու հրամանատարների հետ միասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 
«Այդ ժամանակ ցանկանում էի գնալ և մարտական դիրքում հանձնել շքանշանները, սակայն այդ ուղղության հրամանատար, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը խնդրեց հրաժարվել այդ մտքից՝ շքանշանակիրներին լրացուցիչ վտանգի չենթարկելու համար: Այժմ նրանց մի մասը մեզ հետ չէ՝ հերոսաբար զոհվելով Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Իսկ ահա Յուրա Ալավերդյանը մեր կողքին է, ով ողջ պատերազմի ընթացքում քաջաբար կատարեց իր առջև դրված խնդիրները և վաստակեց ու պահպանեց «Արցախի հերոս» բարձր կոչումը: Նա մարտնչել է հիմնականում Վարանդայի (Ֆիզուլու) ուղղությամբ և պատերազմի ընթացքում խոցել է հակառակորդի ավելի քան 13 զրահատեխնիկա և 5 ավտոտեխնիկա»,- գրել է Հարությունյանը:

© 2009 ARMENPRESS.am