Արդեն կա 3 օպերատիվ գործ. Փաշինյանը՝ ընտրակաշառք բաժանելու խոսակցությունների մասին

18:04, 26 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր ընտրակաշառք բաժանելու հարցով արդեն կա երեք օպերատիվ գործ, իրականացվում են օպերատիվ միջոցառումներ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Սարգիս Ալեքսանյանի դիտարկմանը, թե լուրեր են տարածվում ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ:

Փաշինյանը արձագանքեց՝ պատգամավորը մոռացավ նշել մի կարևոր նրբություն, որ խոսքը չի գնում այն մասին, որ իշխանությունների կողմից է դա արվում: «Խիստ կասկածում եմ, որ ՀՀ-ում լուր կա, որ գործող իշխանությունը կամ իշխող կուսակցությունը ընտրակաշառքների հետ կապված ինչ-որ բան է անում: Լուրեր տարածվում են ձեզ և մեզ հայտնի շրջանակների հետ կապված: Այդ լուրերի մասին տեղյակ են իրավապահ մարմինները: Բոլոր այն մարդիկ, ովքեր մտադիր են, հույս ունեն հին ավանդույթների տրամաբանությունը վերականգնել, ես անկեղծ ասած, խորհուրդ չեմ տա»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

 Նա չի կարծում, թե ապագա համաներումները ընտրակաշառքի հոդվածի վրա տարածվելու են: Ընդ որում` ընտրակաշառք խոստանալն է արդեն համարվում քրեական հանցագործություն:

«Ինձ զեկուցել են, որ արդեն կա 3 օպերատիվ գործ՝ մի քանի ուղղություններով, անձանց շրջանակը պարզված է, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում այդ հարցի վերաբերյալ, նրանց նկատմամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ, որոնց մասին նրանք բնականաբար չեն կռահում»,-ասաց Փաշինյանն ու վստահեցրեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրենց ուժը ընտրակաշառք բաժանելու կասկածներ չունեն ԼՀԿ-ի նկատմամբ, ԼՀԿ-ն էլ՝ իշխանության: Նա կարևորեց, որ իշխանությունը և ընդդիմության մի բավականին մեծ հատված իրար չեն կասկածում՝ ընտրակաշառք բաժանելու մտադրություն ունենալու մեջ:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am