Փոքրիկ խոհարարը հաղթող է ճանաչվել հանրապետական մրցույթում  

12:52, 26 Մայիս, 2021

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան քաղաքի  թիվ 6 միջնակարգ դպրոցի աշակերտ Մհեր Հարությունյանը  հաղթող է ճանաչվել Տոլմայի համահայկական 10-րդ փառատոնում, որը  տեղի է ունեցել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում` բազմատեսակ տոլմաների ցուցադրությամբ, համերգային ծրագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, փառատոնն անցկացվում է «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախաձեռնությամբ:

Փառատոնի ամենակրտսեր մասնակիցը եղել է սեւանցի Մհեր Հարությունյանը: Համերի բազմազանության մեջ 7-ամյա խոհարար Մհերի պատրաստածն էլ աննկատ չի անցել: Նա պատրաստել է տոլմայի 3 տեսակ` ամառային, ձկան եւ պասուց` արժանանալով ժյուրիի անդամների զարմանքին եւ հիացմունքին: «Ի դեպ, հայտնի խոհարար Սեդրակ  Մամուլյանը Մհերին համարում է խոստումնալից խոհարար, իսկ Մհերն էլ գծագրում է իր ապագան` ցանկանում է դառնալ հայտնի խոհարար եւ Սևանում բացել ռեստորան, միաժամանակ չի մոռանում ցույց տալ փառատոնի ժյուրիից ստացած կրծքանշանը, որ կրում է հպարտությամբ: 2-րդ դասարանցի Մհեր Հարությունյանը հիացնում է իր փոքրիկ մատների ու մտքի հերթական «ստեղծագործությամբ»` նոր գույն ավելացնելով իր շուրջն ու մեր իրականության մեջ»,- ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am