Չեն կարող համատեղել. Մակունցն անդրադարձավ ՔՊ ցուցակում գործարարների առկայությանը

12:46, 26 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ բիզնեսով զբաղվող բոլոր անձինք, որոնք քաղաքականություն մտնելու հայտ են ներկայացնում, չեն կարող համատեղել դրանք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդադառնալով ՔՊ-ի նախընտրական ցուցակում գործարարների առկայությանը:

«Հայաստանում փոքր կրպակ ունեցողից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ: Այն բոլոր դեպքերում, երբ այդ անձինք՝ անկախ ընկերության կամ բիզնես գործունեության չափերից, հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվելու, բոլոր նման դեպքերի համար Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ, այն է՝ ոչ թե արգելում է այդ մարդկանց զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը»,-ասաց Մակունցը։

Եվ, եթե ի վերջո կլինի այնպիսի իրավիճակ, որ այդ համատեղման արգելքի սկզբունքը կխախտվի, ապա Մակունցը հիշեցրեց ոչ միայն ԱԺ էթիկայի հանձնաժողովի գոյության մասին, այլ նաև՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին, որը կարող է ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները՝ ընդհուպ մանդատից զրկելու գործընթաց սկսելու համար:

Նա շեշտեց՝ պետք է հետևեն օրենքի տառին: Մակունցը վստահ է, որ շատ տարբեր ցուցակներում նաև տարբեր ծավալի գործունեություն ծավալող գործարարներ կլինեն, որոնց օրենքը նույնպես վերաբերում է:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած խոստմանը, որ բիզնեսը քաղաքականությունից պետք է տարանջատված լինի՝ Մակունցն ասաց. «Այն, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից տարանջատված լինի ոչ միայն քաղաքական խոսք է, այլ նաև ՀՀ օրենքներով սահմանված սկզբունք: Եվ այդտեղ որևէ հակասություն չկա: Մենք նույնպես պնդում ենք, որ այն անձինք, որոնք հայտ են ներկայացնում քաղաքականության, չեն կարող դրանք համատեղել»: 

ՔՊ ցուցակում գործարարների ներգրավվածության մասին տեղեկություններ կան: Արդեն հայտնի է դարձել, որ ՔՊ-ի համամասնական ցուցակում ընտրություններին մասնակցելու է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը:


© 2009 ARMENPRESS.am