Ադրբեջանը երբեք չպետք է օրակարգ թելադրի Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան

12:53, 25 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում այս օրերին հնչեցված բոլոր հայտարարությունները պետք է դիտել Հայաստանում ներքաղաքական պրոցեսների համատեքստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը  նշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հայաստան դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից: Ես չեմ կասկածում, թե ինչ նախապատվություններ իրենք ունեն այս ընտրությունների կոնտեքստում: Իրենք փորձելու են քայլեր ձեռնարկել և հայտարարություններ անել ընտրական գործընթացի վրա ազդելու համար: Բանաձևը պետք է լինի այսպես՝ երբեք Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի Հայաստանի Հանրապետության համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, եթե բոլորը կարողանան խնդրին նայել այդ անկյան տակ, ապա հնարավորություն կլինի չենթարկվել նման կարգի ազդեցություններին:


© 2009 ARMENPRESS.am