Մանկավարժները  վերապատրաստումների ընթացքում ծանոթանում են ՏՀՏ գործիքներին

11:36, 25 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, հաշվի առնելով ներկա մարտահրավերները, շարունակում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումներ` դասավանդման ընթացքում ՏՀՏ գործիքների կիրառումը խթանելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում իրականացվող հասցեական վերապատրաստումների ընթացքում այս տարի վերապատրաստվել են շուրջ 550 ուսուցիչ:

Հասցեական վերապատրաստումներն ընթանում են մի քանի փուլերով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը և Երևանը: Վերապատրաստման հնգօրյա դասընթացների արդյունքում մանկավարժները տիրապետում են ՏՀՏ նոր գործիքների և ծանոթանում հետաքրքիր մուլտիմեդիա նյութերի ստեղծման առանձնահատկություններին:

Վերապատրաստումների արդյունքում Հեռավար ուսուցման համալիր էջում՝ https://heravar.armedu.am, ներառված է ՏՀՏ վերապատրաստումների մուդլ հարթակը՝ https://icttraining.armedu.am, որտեղ մեկտեղված են տարբեր առարկաների մեծաթիվ դասընթացներ: Դրանք պատրաստել են վերապատրաստումներ անցած մանկավարժները՝ ՏՀՏ գործիքների օգնությամբ: «Կրթական ծրագրերի կենտրոնն» ամենօրյա դիտարկման է ենթարկում  այդ դասընթացները, որոնք ֆիլտրվում են և յուրաքանչյուր օր նորացվում: Հատկանշական է մայրաքաղաքում և մարզերում վերապատրաստումների կազմակերպման վայրի ընտրությունը: ԾԻԳ-ի ներկայացուցչի հավաստմամբ՝ դպրոցների ընտրությունը պայմանավորված է դրանց տեխնիկական հագեցվածությամբ: Վարկային նախորդ ծրագրի շրջանակում վերոնշյալ դպրոցներին «Կրթական ծրագրերի կենտրոնը» տրամադրել է անհրաժեշտ համակարգչային շարժական դասարաններ, որոնք ներառում են 22 դյուրակիր համակարգիչ՝ լոկալ ցանց ստեղծելու հնարավորությամբ, և ինտերակտիվ գրատախտակ:

Վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ. մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել 1000-ից ավելի ուսուցիչների վերապատրաստում:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am