Արա Այվազյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման հրամայականը

10:06, 24 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 24-ին  ընդունել է Հայաստանում Իրանի  դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Հանդիպման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ է  կատարվել ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ է  կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:


© 2009 ARMENPRESS.am