Սեւանի թերակղզու հանրային լողափում կայացավ ջրափրկարարական ուսումնավարժանք  

15:14, 21 Մայիս, 2021

ԳԱՎԱՌ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանի թերակղզում գտնվող հանրային լողափում անցկացվեց ջրափրկարարական ուսումնավարժանք` «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը Սեւանա լճում» թեմայով։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ուսումնավարժանքի ընթացքին հետեւեցին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ուսումնավարժանքում ընդգրկված էին ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, փրկարար ծառայության բժշկական ապահովության վարչության, հոգեբանական աջակցության բաժնի, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի անդամները։ Ինչպես ուսումնավարժանքից  առաջ ներկայացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը, առաջին անգամ ջրափրկարարական ջոկատն օգտագործելու է երկու դրոն, որոնց կիրառումն էապես կբարելավի ջրափրկարարական աշխատանքների արդյունավետությունը։ Լողասեզոնի ընթացքում ջրափրկարարական կետեր այս տարի կգործեն Սեւան քաղաքի հանրային երեք լողափերում եւ Շողակաթում։

«Ուզում ենք լողասեզոնի մեկնարկին լինել ոչ միայն տեխնիկապես զինված, այլ նաեւ տակտիկապես վարժված։ Պատահական չէ, որ այսօրվա վարժանքն անցավ 53 հոգու մասնակցությամբ»,- նշեց Գեւորգ Գալստյանը։

 «Ուսումնավարժանքը ցույց տվեց, որ ջրափրկարարական հատուկ ջոկատը կատարեց իր առջեւ դրված խնդիրը` արագ ու անթերի արձագանքելով փրկարարական ահազանգին։ Անօդաչու թռչող սարքերի կիրառումն ավելի օպերատիվ ու կառավարելի է դարձնում ջրափրկարարական աշխատանքները»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

«Շատ կարեւոր է, որ մոտեցող լողասեզոնն անցնի անվտանգ, առանց ջրահեղձման դեպքերի։ Ուսումնավարժանքը ցույց տվեց, որ մեր ջրափրկարարները կազմ ու պատրաստ վիճակում կդիմավորեն լողասեզոնի մեկնարկը»,- ընդգծեց մարզպետ Գնել Սանոսյանը։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am