Այվազյանը Դուշանբեից Երևան ճանապարհին է. ԱԳՆ խոսնակի արձագանքը ստեղծված իրադրությանն ու նախարարի ժ/պ բացակայությանը

15:29, 20 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումից հետո միայն հնարավոր կլինի դիտարկել որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժելուց հետո ստեղծված իրադրությանն ու հանգուցալուծման ուղղությամբ ընթացող խոսակցություններին:

«Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար»,-նշեց Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի բացակայությանը կառավարության նիստից, Նաղդալյանը պարզաբանեց, որ պատվիրակությունը Դուշանբեից Երևան վերադառնալու ճանապարհին է:

Նախարարի պաշտոնակատարը Դուշանբե էր մեկնել՝ մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ի կառավարության նիստում նշեց, որ ստեղծված իրավիճակում դիվանագիտական ահռելի աշխատանք է կատարվել: Նա նախարարի բացակայությունը բացատրեց ընթացող դիվանագիտական աշխատանքով, որը գնահատեց արդյունավետ:  


© 2009 ARMENPRESS.am