ԱՊԿ ՀԱԽ գործող նախագահը տվել է խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու կարգադրություններ. ՀԱՊԿ ԱԳ ՆԽ նախագահ

19:15, 14 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Ըստ աղբյուրի՝ ի շարունակումն ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղարկված նամակների՝ Արա Այվազյանն ընդգծել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Սիրոջիդին Մուխրիդդինը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն իսկ տրվել են համապատասխան կարգադրություններ։

 


© 2009 ARMENPRESS.am