Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

18:00, 14 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը նախաձեռնել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը:

Կքննարկվի «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պահպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի մասին» ՀՀ ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:



© 2009 ARMENPRESS.am