Այվազյանը և Վրաստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, երկկողմ և բազմակողմ փոխգործակցության հարցեր

19:15, 12 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ապրիլի 12-ին հանդիպել է  պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պատվիրակության կազմում Երևան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի շուրջ: 

Ըստ աղբյուրի՝ վերահաստատվել է փոխադարձ հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու առկա ավանդական բարիդրացիական հարաբերություններին նոր դինամիկա հաղորդելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Այս առնչությամբ կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների պարբերական անցկացումը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև  տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծել է, որ ուժի կիրառումը խոչընդոտում է հակամարտությունների կարգավորումը և խաթարում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

[gallery id= 64697]

© 2009 ARMENPRESS.am