ՄՕԿ-ի նախագահի այցը Ճապոնիա կարող է հետաձգվել Covid-19-ի պատճառով  

13:45, 10 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի  ղեկավար Թոմաս Բախը մայիսի 17-ին պետք է մեկնի  Ճապոնիա, բայց, հնարավոր է, կորոնավիրուսի պատճառով ուղևորությունը հետաձգվի  մինչև հունիս:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Տոկիոյում և երկրի հինգ այլ  վարչական տարածքներում արտակարգ ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը: Ճապոնիա կատարելիք  այցի  ընթացքում Բախը մտադիր է հանդիպել վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ և ներկա լինել  օլիմպիական ջահի փոխանցավազքի  փուլերից մեկին: 

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Հայաստանն այժմ ունի 8 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Կարեն Ասլանյանը, Արմեն Մելիքյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:


© 2009 ARMENPRESS.am