ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում հանդիպեց գիտական խորհրդի անդամների հետ

13:43, 10 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպեց գիտական խորհրդի անդամների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարի պաշտոնակատարը ԵՊՀ-ում է, որպեսզի փորձի կարգավորել համալսարանում առկա խնդիրը, այն է՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելը:

«Իմ պատկերցրած Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ: Պետք է լինեն ոչ թե ուսանողներ և դասախոներ, այլ հոգաբարձուներ, ինչը մեր երկրում դժվար է գտնել: Այդ անձինք պետք է ունենան ֆինանսական և գործնական լայն հնարավորություններ, որպեսզի իրենց մեկ որոշումով հնարավոր լինի լրջագույն փոփոխություն կայացնել տվյալ հիմնադրամում»,- նշեց Դումանյանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հրաժարական է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի սկզբին: Պարտականությունները ժամանակավոր կատարում է Միքայել Մալխասյանը՝ ՀՀ ԿԳՆ պատմության հանրապետական օլիմպիադայի մասնագիտական հանձնախմբի նախագահը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նույն թվականի դեկտեմբերի 24-ին համալրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, սակայն առանց նախագահի:

2021 թվականի հունվարի 29-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ օրակարգում ներառված էր ՀԽ նախագահի ընտրություն: «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության շրջանակում նիստը նախագահող Անահիտ Չուբարյանն առաջադրել էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ. դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը, իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։ Ընտրության արդյունքում առաջադրված երկու թեկնածուից ոչ ոք բավարար ձայն չէր հավաքել:

 


© 2009 ARMENPRESS.am