Գյումրիում կայացել է ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթ

16:38, 9 Մայիս, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 9  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գյումրիում  մայիսի 9-ին Հայրենական պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանի մոտ հոգեհանգստի կարգ մատուցվեց՝ ի հիշատակ զոհված զինվորների, որին հաջորդեց պսակների զետեղման արարողությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այնուհետև Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ:

Տեղի ունեցավ ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթը: «Այսօրվա համար մաղթանքս միայն մեկն է  ՝ խաղաղ երկինք: Այ երկինքը, որի արժանացել եք մեր պապերի շնորհիվ: Այս օրը առողջություն եմ մաղթում այն վետերաններին, ովքեր մասնակցել են Մեծ Հայրենականին, նաև թիկունքում են եղել՝ օգնելով հաղթանակի կերտմանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:

Օրվա խորհրդով պայմանավորված՝ միջոցառումներ են նախատեսված նաև Գյումրու կենտրոնական զբոսայգում։

 


© 2009 ARMENPRESS.am