Հայկական Շուշին եղել և շարունակում է լինել հայոց ինքնության կարևոր հենասյուներից մեկը. Միրզոյանի ուղերձը

09:35, 9 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած այն փաստին, որ Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, այն պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայիսի 9-ի առիթով իր ուղերձում նշել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը նախ նշել է, որ 2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված Եռատոնը։

«Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին և Արցախյան առաջին պատերազմին և Շուշիի ազատագրմանը մասնակցած մեր հայրերին ու եղբայրներին: Հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է և շարունակում է լինել հայոց ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը և այսօր էլ, չնայած այն փաստին, որ Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, այն պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշերից մեկը»,- նշել է ԱԺ նախագահը:

Նա հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի շարունակի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հասնելու համար Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը։


© 2009 ARMENPRESS.am