ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին

18:55, 7 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին` Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«Ըստ Միրզոյանի, հայտարարության ընդունումը վկայում է արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին:

Նամակում Արարատ Միրզոյանը նշել է, որ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին՝ հատկապես հաշվի առնելով այն անվտանգային սպառնալիքները, որոնց առերեսվեցինք Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի ընթացքում:

Խորհրդարանի խոսնակը հավելել է՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված զանգվածային վայրագությունները, պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ անպատժելիությունը պարարտ հող է ստեղծում անցյալի հանցանքների կրկնության համար:

Մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:


© 2009 ARMENPRESS.am