Այս իշխանության ուժը որևէ եղանակով դատական իշխանության գործունեությանը չմիջամտելու մեջ է. Վարդանյան

11:47, 7 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գործող իշխանության ուժը համարում է այն, որ չի ցանկանում որևէ եղանակով միջամտել դատական իշխանության գործունեությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վարդանյանն ասաց խորհրդարանի մայիսի 7-ի նիստում:

«Մեզ մեղադրում են նրանում, որ մենք թույլ ենք, որ մենք չենք կարողանում հստակ հարաբերություններ հաստատել դատական իշխանության հետ, չենք կարողանում կարգավորել դատախազության հետ կապված հարցերը: Այս իշխանության ուժը նրա մեջ է, որ մենք չենք կարողանալու ու չենք ուզում կարողանալ որևէ եղանակով միջամտել դատական իշխանության, դատախազական մարմինների, իրավապահ համակարգի գործունեությանը»,- ասաց Վարդանյանը:

Պատգամավորը նշեց, որ այսօր դժվար է հասկանալ այդ ամենը, սակայն տարիներ անց այդ գործունեությունը կգնահատվի:

«Հավատացնում եմ, որ կանցնեն տարիներ, և այն, ինչ այսօր տեղի է ունենում, կգնահատեն, որպես անկախ դատական իշխանության, իրենց գործունեությունն արժանապատիվ իրականացնող իրավապահ համակարգի ձևավորման տարիներ»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:


© 2009 ARMENPRESS.am