Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավարն իր երախտիքը հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար

10:41, 7 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը շնորհակալություն հայտնեց Լատվիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բեղլոյանը նշեց Ազգային ժողովի մայիսի 7-ի նիստի ընթացքում:

«Որպես Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար, ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել իմ գործընկեր՝ Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարիա Գոլուբևային, որը նույնպես մեծ աջակցություն է ցուցաբերել այս բանաձևի ընունման գործում: Խոնարհվում ենք և շնորհակալություն ենք հայտնում Լատվիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին և պատգամավորներին, որոնք քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցի՝ Լատվիայում հանգուցալուծում ստանալու օգտին»,- ասաց Բեղլոյանը:

Պատգամավորը նշեց, որ այս գործընթացը տեղի է ունեցել 2018թ. սկսած և արդյունք է շատ քաղաքական գործիչների, հայ ժողովրդի բարեկամների, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև Լատվիայում ՀՀ դեսպանության քրտնաջան և հետևողական աշխատանքի:

Մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:


© 2009 ARMENPRESS.am