Ընթացքի մեջ է Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգումը

16:57, 6 Մայիս, 2021

ԳԱՎԱՌ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճանապարհաշինական աշխատանքները վերսկսվել են Ծովակ-Ախպրաձոր միջհամայնքային նշանակության ճանապարհի վրա, որի ընդհանուր  երկարությունը կազմում է 14,4 կիլոմետր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի աշնանից, որոնք ընդհատվել էին ձմռան ամիսներին:

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1,4 միլիարդ դրամ, որի շրջանակներում կասֆալտապատվի նշված ճանապարհի 11,4 կիլոմետր հատվածը, իսկ մնացած 3 կիլոմետրի ասֆալտապատումը կիրականացվի այլ ծրագրերով:

Բացի հիմնական ճանապարհի ասֆալտապատումից, ծրագրի շրջանակներում կառուցվելու են նաև մայթեր, տեղադրվելու է ջրահեռացման համակարգ, հիմնանորոգվելու են դեպի դպրոց, մանկապարտեզ եւ կենսական նշանակության այլ կառույցներ տանող փողոցները:

Համաձայն պայմանագրի՝ Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել 2021 թվականի նոյեմբեր ամսին:

 Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն: Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ, տեղադրվում է հիմքի ավազային շերտը:

Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի շինարարական տեղամասեր է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ ճանապարհաշինական աշխատանքները դիտարկելու նպատակով։

«Ի ուրախություն մեզ եւ Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր  համայնքների բնակիչների՝ վերջապես հիմնանորոգվում է ռազմավարական կարեւոր նշանակության այս ճանապարհը, ինչի արդյունքում  թվարկված բնակավայրերում առաջընթաց կգրանցվի թե՛ գյուղատնտեսության, թե՛ զբոսաշրջության ոլորտներում։ Ճանապարհը հիմնանորոգման չէր ենթարկվել 1980-ական թվականներից ի վեր»,-նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am