Տեր-Պետրոսյանը որոշել է անել ավազակապետական հեղափոխություն. Փաշինյան

18:27, 5 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է անել ավազակապետական հեղափոխություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ անդրադառնալով առաջին նախագահի հայտարարության վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանի հարցին:

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է անել իշխանափոխություն կամ հեղափոխություն, մեկը եղել է 2008թ. ժողովրդավարական հեղափոխությունը, որը չի ստացվել, երկրորդը եղել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք: Պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը վստահեցրեց, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:


© 2009 ARMENPRESS.am