Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը  

15:05, 5 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արարատի» փորձառու կիսապաշտպան Էդգար Մալաքյանը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նշված ժամանակահատվածում ֆուտբոլիստը մասնակցել է 3 խաղի, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Մալաքյանը լավագույնն է ճանաչվել նաև երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ շրջանցելով «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին և «Փյունիկի» հարձակվող Հիգոր Լեիտին:

Ամսվա լավագույն մարզիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն, ում գլխավորությամբ «Նոան» ապրիլի ընթացքում գրանցել էր 100-տոկոսանոց արդյունք՝ 3 խաղում տանելով 3 հաղթանակ: Թեև երկրպագուների քվեարկության արդյունքում Գունկոն երրորդն էր, բայց փորձագետների գնահատականների հետ հանրագումարում նա առաջ է անցել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանից և «Վանը» գլխավորող Արթուր Ասոյանից:

Հիշեցնենք, որ լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Լավագույնների մրցանակները կհանձնվեն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: VBET ընկերության կողմից մրցանակներ են սահմանված յուրաքանչյուր ամսվա համար:


© 2009 ARMENPRESS.am