ՀՀ ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու համար Թունյանը կարևորում է հարկային դաշտի բարելավումը

18:02, 4 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Հայաստանում ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է համարում մրցակցության խթանումը, հարկային միջավայրի բարելավումն ու կադրային հարցերի լուծումը:

«Ցավոք, մեր երկիրն այսօր այդքան էլ գրավիչ չի ներդրումների համար, որովհետև ունենք օբյեկտիվ սահմանափակումներ թե՛ փոքր շուկայի, թե՛ աշխարհագրական դիրքի, և թե՛ ներքին ու արտաքին քաղաքական տարածաշրջանային որոշ ռիսկերի հետ կապված: Սա մեզ դարձնում է ռիսկային և պակաս գրավիչ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Թունյանը:

Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ եթե ՀՀ-ն որոշ ուղղություններով օբյեկտիվորեն սահմանափակված է և թույլ, ապա մյուս ուղղություններն այնպես զարգացնել, որպեսզի համեմատության մեջ գրավիչ դառնա: Նա նկատեց, որ շուկայի փոքր լինելը հնարավոր չէ փոխել, սակայն հնարավոր է հարկային միջավայրը դարձնել գրավիչ, կադրային հարցեր լուծել, ներդրումային միջավայրը բարելավել, մրցակցությունը խթանել:

«Այս ամենից հետո կարող ենք ավելի ակտիվ ներկայանալ պոտենցիալ ներդրողներին»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀ տնտեսության աճի տեմպերի վերականգնմանը՝ Թունյանն ասաց, որ դրան կարող է նպաստել նաև կորոնավիրուսի դեմ յուրաքանչյուրի պատվաստվելը:

 


© 2009 ARMENPRESS.am