ԼՀԿ-ն քաղաքական ուժերին կոչ է անում քարոզարշավի ընթացքում զերծ մնալ ատելության խոսքից

14:17, 3 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քաղաքական ուժերին կոչ է անում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զերծ մնալ ատելության և սպառնալիքի խոսքի տարածումից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասաց ԱԺ հատուկ նիստի ընթացքում, վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ:

«Մենք պատրաստել ենք հայտարարության տեքստ, որի համաձայն՝ քարոզարշավի ընթացքում ատելության խոսք չի օգտագործվելու: Այն ուժերը, որ կմիանան այդ տեքստին, հանձնառություն կստանձնեն, որ քարոզարշավի ընթացքում զերծ կլինեն ատելության, սպառնալիքի խոսքից: Տեքստը կհրապարակենք»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակում խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների կազմակերպման գործընթացը ճիշտ է և այլընտրանք չունի:

«Այն օրը, երբ հայտարարվեց, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդ պահից Հայաստանի ներքաղաքական կյանքը խաղաղվեց: Այդ խաղաղությունը հարաբերական է, սակայն արտահերթ ընտրությունների հետ կապված ուղերձն այն է, որ բոլորով գնում ենք ընտրության, որպեսզի տեսնենք, թե ՀՀ քաղաքացիներն ինչ են որոշելու: Իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ես համոզված եմ, որ ճիշտ ենք արել, համոզված եմ, որ սա անայլընտրանք գործընթաց է»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

«Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ազգային ժողովի հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում:

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ՀՀ սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրում է՝ առաջնորդվելով տվյալ ընթացակարգով: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:


© 2009 ARMENPRESS.am