Արցախի մի շարք քաղաքների հարակից տարածքներում նախատեսվում են ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ

11:11, 3 Մայիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների հարակից տարածքներում նախատեսվում են ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust»ոչ կառավարական կազմակերպությունն այսօր ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների հարակից տարածքներում»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԻՊԾ-ն հայտնում է, որ չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով, հանրապետության ամբողջ տարածքում՝ գյուղատնտեսական և զբոսաշրջային վայրերում, իրականացվում են իննժեներահետախուզական աշխատանքներ։

«Որպես կանոն, հայտնաբերված զինատեսակները սակրավորական ջոկատները պայթեցնում են տեղում, հնարավորության դեպքում՝ տեղափոխում անվտանգ վայր։ Պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ խնդրում ենք չանհանգստանալ»,- նշված է գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am