Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց «Արցախի կորսված կոթողները» ցուցահանդեսը

14:32, 1 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախի կորսված կոթողները» բացօթյա ցուցահանդեսին մարդիկ կարող են լուսանկարների միջոցով ծանոթանալ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հիսունից ավելի պատմամշակութային արժեք ունեցող կոթողի, որոնք այժմ վտանգված են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը բացվեց մայիսի 1-ին Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում: Այն նախաձեռնել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը:

Կուսակցության խորհրդի անդամ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ իրենց նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը, հիշեցնել այն կոթողների մասին, որոնք կորցրել ենք Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով և վերարժևորել այդ ամենը:

«Լուսանկարներում ներկայացված է 55 մշակութային կոթող: Համագործակցել ենք Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ, որի առաջնորդը տրամադրել է կոթողների ցանկը, իսկ լուսանկարները տրամադրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող  հիմնադրամը, որի նախագահը վաղամեռիկ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էր: Կարապետյանը հուշարձանները լուսանկարել է իր ուսումնասիրությունների ընթացքում»,-ասաց, Ավետիսյանը:

Նա ընդգծեց, որ նախատեսում են լուսանկարների հիման վրա բրոշյուրներ հրատարակել և ներկայացնել ՀՀ-ում տարբեր դեսպանատներ, որպեսզի դեսպանություններն էլ ևս մեկ անգամ տեսնեն, թե ինչ արժեքներ ենք մենք կորցրել: «Սա սպիտակ  ցեղասպանություն է»,-եզրափակեց Արթուր Ավետիսյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի նաև մայիսի 2-ին:

[gallery id= 64642 ]

© 2009 ARMENPRESS.am