Պատվաստված քաղաքացիները  հավելվածով կստանան իրենց պատվաստման հավաստումը

13:05, 29 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորում է պատվաստված քաղաքացիների մասին թվայնացված տեղեկատվություն ունենալը: Այդ մասին վարչապետի պաշտոնակատարը նշեց կառավարության նիստում:

«Հետագայում դեռ չգիտենք, թե ինչ կարգեր կգործեն: Կարող է պարզվի, որ թողարկվում է կանաչ անձնագիր կամ անձնագրի մեջ ինչ-որ նշում է արվում և այլն: Մենք պետք է կարողանանք վայրկյանների ընթացքում գտնել պատվաստված քաղաքացիներին, եթե այդ ընթացակարգերը տեղայնացնելու անհրաժեշտություն լինի: Կարող է պարզվի, որ պետք է անձնագրի մեջ ինչ-որ շտամպ խփել և այլն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ արդեն մշակված հավելված կա, որը երեկ գրանցվել է «App Store»-ում: Քաղաքացիները կստանան կանաչ «բարքոդով» հավելվածով իրենց պատվաստման հավաստումը: «Պատվաստման ամբողջ գործընթացը գրանցվում է էլեկտրոնային հարթակում, որտեղից ինֆորմացիան ավտոմատ կերպով արտահայտվելու է հավելվածով: Այսօր կամ վաղը ԱՆ կայքում կլինի ուղեցույց, թե ինչպես պետք է հավելվածը ներբեռնել ու ինչպես դրանից օգտվել»,- ասաց Ավանեսյանը:


© 2009 ARMENPRESS.am