ՀՀ-ն մտադիր է խորացնել միջազգային կազմակերպությունների շրջանակում Լիտվայի հետ համագործակցությունը

14:48, 26 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը մտադիր է ապագայում ավելի խորացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում Լիտվայի հետ հաստատված սերտ համագործակցությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

«Լիտվայի նախարարի հետ առանձնազրույցի ընթացքում անդրադարձ կատարեցինք Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Լիտվան Եվրոպայում մեր կարևոր գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկու երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը և այն առավել խորացնելու ուղղությամբ Լիտվայի հանձնառությունը: ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը, որը Լիտվան առաջիններից մեկն է վավերացրել, նոր հնարավորություններ է ընձեռում ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար: Պետք է գոհունակությամբ ընդգծեմ նաև մեր երկրների միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը, որը մենք մտադիր ենք ապագայում էլ ավելի խորացնել»,- ասաց Արա Այվազյանը:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:


© 2009 ARMENPRESS.am