ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

13:43, 26 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին Այվազյանն ասաց՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Հետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը հստակ և հատուկ միջազգային հնչեղություն ունեցավ: Այս տարի այդ օրը նշանավորվեց հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից շատ ուժեղ զորակցության արտահայտմամբ: Հայաստան են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ՝ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին: Եղան ուղերձներ մեր միջազգային բազմաթիվ գործընկերների կողմից, այդ թվում` ամենաբարձր մակարդակով: Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով»,- ասաց Այվազյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ամբողջովին կիսում է նախագահ Բայդենի ուղերձում արտահայտված այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի` կանխելու նմանօրինակ միջազգային հանցանքների կրկնությունն ապագայի համար:

«Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում Հայաստանը միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է, և այդ իմաստով նախագահ Բայդենի ուղերձը շատ մեծ ավանդ է»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

2021թ. ապրիլի 24-ին Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:


© 2009 ARMENPRESS.am