ՀՀ վարչապետ Փաշինյանը հրաժարական տվեց ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ

11:22, 25 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ։ Այս մասին նա հայտարարեց ուղիղ եթերով հեռարձակված իր ուղերձում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը հիշեցրեց, որ մարտի 18-ին Հանրապետության նախագահի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումների արդյունքներով հայտարարել է հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին։

ՀՀ գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը 2 անգամ վարչապետ չի ընտրում։ Սրանից հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։


© 2009 ARMENPRESS.am