Կարող եք մշտապես ապավինել մեր բարեկամությանն ու աջակցությանը. Լիբանանի ԱԳ նախարար

10:07, 24 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Ուեհբին նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ իր պետության և ժողովրդի համերաշխությունը հայտնելով Հայաստանին և աշխարհասփյուռ հայությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նամակում, մասնավորապես, ասվում է. «Քանի որ դուք եք հայ դատի կրողը և պահպանում եք այն ապագա սերունդների գիտակցության մեջ, վստահ եղեք, որ կարող եք մշտապես ապավինել  Լիբանանի բարեկամությանն ու աջակցությանը, ինչպես նաև մեր ժողովուրդների համերաշխությանը: Ապրիլի 24-ին եկեք հիշենք, որ անարդարությունը երբեք տևական չէ, ոչ էլ անպատժելիությունը՝ հավերժ»:

Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարարն ընդգծել է նաև, որ «պատմական այս հանցագործությունը ցավալի և ողբերգական դաս է՝ այլևս երբեք թույլ չտալու դրա կրկնությունը»:

Լիբանանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած շուրջ երեք տասնյակ պետություններից առաջին արաբական երկիրն է: 1997թ. ապրիլի 3-ին Լիբանանի խորհրդարանն ընդունել է «Ապրիլի 24-ը հայ ժողովրդի դեմ իրականացված ջարդերի արհավիրքի հիշատակի օր հռչակելու մասին» հայտարարությունը, իսկ 2000թ. մայիսի 11-ին՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը»: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին ներկայացնում է Լիբանանի Երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը:


© 2009 ARMENPRESS.am