Անգամ մութ ժամանակներում կա հույսի ու լույսի շող. Կանադայի մարդու իրավունքների թանգարանի տնօրենի տեսաուղերձը

09:28, 24 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի մարդու իրավունքների թանգարանի տնօրեն Իշա Խանը համոզված է, որ պետք է հիշել անցյալում տեղի ունեցած անարդարությունները՝ համատեղ ապագա կառուցելու համար: Այս մասին նա խոսել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում:

«Մենք երբեք չենք կարող մոռանալ, թե ինչ տեղի ունեցավ, և մենք երբեք չենք կարող դադարեցնել մեր աշխատանքը՝ կանխելու ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները, քանի որ դրանք միայն անցյալի իրողություններ չեն»,- նշել է Իշա Խանը:

Նա պատմել է, որ Կանադայի մարդու իրավունքների թանգարանում ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը, ինչպես նաև դրան հաջորդած մյուս ցեղասպանությունները: Խանը ցավով է արձանագրել, որ առաջիկայում թանգարանը կընդլայնվի՝ վերջին տարիներին տեղի ունեցած կոտորածների փաստերի ցուցադրության պատճառով:

«Անգամ մութ ժամանակներում կա հույսի ու լույսի շող: Այս թանգարանի այցելուները կտեղեկանան հայ որբացած երեխաների մասին, ովքեր բերվեցին Օնտարիո՝ Ջորջթաուն՝ նոր կյանքի  հնարավորություն ստանալով: Նրանք կտեղեկանան նաև Կանադայի, ինչպես նաև ողջ աշխարհի հայերի ջանքերի մասին՝ կոտրելու լռությունը կատարվածի վերաբերյալ:

Թանգարանում ներկայացնելով կորստի, քաջության այս պատմությունները՝ մենք մեր հարգանքն ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհվեցին: Այդպիսով մենք փորձում ենք արդարություն հաստատել՝ հաշվի առնելով սկզբունքը, որ բոլոր մարդիկ ծնվել են ազատ, հավասար և արժանապատիվ կյանք ունենալու համար: Մեր պարտականությունն է այժմ իրականություն դարձնել այդ սկզբունքները»,- հայտարարել է նա:


© 2009 ARMENPRESS.am