Միասին պետք է ասենք «այլևս երբեք» ու մեր ձայնը լսելի դարձնենք. Բելգիայի Սենատի նախագահի ուղերձը Ցեղասպանության տարելիցին

16:40, 23 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Սենատի նախագահ Սթեֆանի Դոսը խոստանում է շարունակել պայքարը՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: Այս մասին նա խոսել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առնչությամբ «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում:

«Ժամանակակից աշխարհում, երբ սահմանների, կրոնական հավատալիքների, քաղաքական գաղափարների շուրջ լարվածությունն ու վեճերը բարձրակետում են, ավելի քան կարևոր է հետ նայել և հիշել, թե նման լարվածության հետևանքներն ինչպիսին կարող են լինել:

Եվ հատկապես նման ժամանակներում, երբ աշխարհը թվում է բաժանված և մտահոգ, մեր պարտականությունն է վերադառնալ անցյալ»,- նշել է Բելգիայի Սենատի նախագահը: Նա, միանալով ինչպես Բելգիայի 30 հազարանոց հայկական համայնքին, այնպես էլ Հայաստանում ու ողջ աշխարհում բնակվող հայերին, իր վշտակցությունն է հայտնել բոլոր նրանց համար, ովքեր ավելի քան հարյուր տարի առաջ կորցրել են իրենց կյանքը:

«Մենք միասին ենք՝ ասելու «այլևս երբեք», բարձրաձայնելու ճշմարտությունն ու մեր ձայնը լսելի դարձնելու: Գտնելու արդարություն՝ հանուն նրանց, ովքեր կային ու հանուն նրանց, ովքեր դեռ կլինեն»,- հայտարարել է Սթեֆանի Դոսը:

Նա նշել է, որ պետք է շարունակել բարձրացնել իրազեկվածությունը Ցեղասպանության հարցում: «Հպարտ եմ լինելու այս Սենատի նախագահը, որն առաջիններից էր, որ ճանաչեց ու դատապարտեց հայ ժողովրդի ցեղասպանությունը: Ես շարունակելու եմ պաշտպանել և աջակցել ձեզ ու ձեր պայքարը՝ հանուն ճանաչման՝ ինչպես այստեղ, այնպես էլ միջազգայնորեն: Որպեսզի պատմությունը լինի ավելին, քան հեռավոր հիշողությունն է կամ ոչ հարմար ճշմարտությունը: Ավելին, քան կրկնվող ապագայի նախերգանքն է:

Այն պետք է նախազգուշացում լինի բոլորիս համար: Կոչ՝ գործելու, ճանաչելու անցյալն ու դասեր քաղելու դրանից:

Այսօր մենք մեր համերաշխությունն ենք հայտնում և վշտակցում ենք զոհերի համար: Վաղը մենք հարգում ենք նրանց՝ աշխատելով պաշտպանել ապագան անցյալից»,- տեսաուղերձում ասել է Սթեֆանի Դոսը:


© 2009 ARMENPRESS.am