Ալիևի կողմից բացահայտ ուժի սպառնալիքը պետք է համարժեք գնահատական ստանա. քաղաքագետ

18:32, 21 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Նարեկ Մինասյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի տարածքների վերաբերյալ հայտարարությունները համարում է «կարմիր գծի» հատում, որը պետք է ստանա համարժեք գնահատական: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մինասյանը նշեց, որ Հայաստանի այս կամ այն շրջանի և Երևանի նկատմամբ նախկինում բազմաթիվ հայտարարություններ են եղել, սակայն այս մեկում Ալիևը բացահայտ ուժի սպառնալիք է ցուցադրում:

- Պարո՛ն Մինասյան, ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ծրագրի մասին, նշել է, որ այն անպայման կյանքի է կոչվելու և «եթե Հայաստանն ուզի, այդ հարցը հեշտությամբ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով»։ Ինչպե՞ս կգնահատեք նման ռազմատենչ հայտարարությունը:

- Ադրբեջանի ղեկավարի կողմից նախկինում տարբեր առիթներով տարածքային հավակնություններ են արտահայտել Հայաստանի այս կամ այն շրջանի և անգամ մայրաքաղաք Երևանի նկատմամբ, և դրանք հիմնականում ունեին քարոզչական փաթեթավորում: Այս անգամ, Ալիևը հատեց կարմիր գիծը, քանզի նրա հայտարարությունը պարունակում էր նաև բացահայտ ուժի սպառնալիք: Ալիևի հայտարարությունը ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ուժի կիրառման սպառնալիքի արգելքի բացահայտ խախտում է, ինչը պետք է արժանանա համարժեք գնահատականի: Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հստակ հայտարարություններով հանդես գա և գնահատական տա Ադրբեջանի ղեկավարի այս նվաճողական և ագրեսիվ հռետորաբանությանը: Համարժեք արձագանքի բացակայությունը Ալիևի մոտ կարող է առաջացնել անպատժելիության խաբկանք՝ նրա քայլերը դարձնելով առավել անկանխատեսելի ու անվերահսկելի:

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Այս առումով, անհրաժեշտության դեպքում, կարող է կիրառվել նաև հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության ողջ գործիքակազմը (օրինակ՝ նախատեսված 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրով):

Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ծրագրին, կարևոր է ընդգծել, որ նման միջանցք չի եղել, չկա և չի կարող լինել: Ադրբեջանը փորձում է աղավաղել 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության պայմանագրում տեղ գտած տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին կետը՝ Հայաստանին վերագրելով մտացածին «պարտավորություններ»: Սակայն, իրականում, այդ հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում «Զանգեզուրի միջանցքի մասին», ավելին՝ «միջանցք» եզրույթը կիրառվում է միայն Լաչինի միջանցքի համար:

 

- Իսկ ի՞նչ գործոններով կարելի է պայմանավորել Ադրբեջանի նախագահի կողմից նման հայտարարությունը:

- Կարծում եմ՝ Ալիևի նման ռազմատենչ հայտարարությունը պայմանավորված է մի քանի գործոնով: Նախ բնավ պատահական չէ հայտարարության համար ընտրված պահը. ապրիլի 24-ին ընդառաջ նման շեշտադրումներով Ադրբեջանի նախագահը, ի համերաշխություն Թուրքիայի, փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ փաստացի սպառնալով նոր ցեղասպան գործողություններով:

Մեկ այլ պատճառ էլ Ալիևի մտացածին «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հայկական կողմի սկզբունքային մոտեցումն է: Պաշտոնական Երևանը, առաջնորդվելով եռակողմ հայտարարությունում արձանագրված դրույթներով, հիմնավոր կերպով մերժում է «միջանցք» տրամադրելու Բաքվի ցանկացած պահանջ՝ քաջ գիտակցելով, որ դա ուղղակի սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար: Չկարողանալով հաջողության հասնել՝ Ալիևը փաստացի փորձում է շանտաժի դիմել՝ հանդես գալով ուժի կիրառման սպառնալիքով, ինչը ևս չի կարող որևէ արդյունք տալ: 

Պակաս կարևոր չէ նաև աշխարհաքաղաքական գործոնը: Ադրբեջանի նախագահը, Սյունիքի վերաբերյալ տարածքային հավակնություններ արտահայտելիս, չի կարող չգիտակցել, որ այդ կերպ անուղղակիորեն մարտահրավեր է նետում նաև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: Հիշեցնեմ, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու ուղղությամբ, իսկ ռուս սահմանապահները ներգրավված են ՀՀ պետական սահմանի պաշտպանության գործում: Զգալով Թուրքիայի բացահայտ աջակցությունը՝ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում ավելի «համարձակ» է դարձել Կրեմլի հետ հարաբերություններում: Ասվածի վառ դրսևորումներից է այն, որ Ադրբեջանը «Իսկանդեր» համակարգերի կիրառման հարցի հետ կապված հրապարակային Մոսկվայից պատասխան է պահանջում, բացահայտ սպառնում է ՌԴ դաշնակցին, քննադատում է Հայաստանի ԶՈՒ բարեփոխումների գործընթացում ՌԴ ակտիվ դերակատարումը և այլն: Ալիևը, Էրդողանի դրդմամբ սկսել է բավական ռիսկային խաղ, որը հենց իր համար կարող է ծանր հետևանքներ ունենալ:

Հատկանշական է, որ Ալիևի հայտարարությունից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ բավական կոշտ հայտարարությամբ, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձեց սրբագրել Ալիևի որոշ շեշտադրումներ՝ ակնարկելով, թե իբր Երևանում նրան ճիշտ չեն հասկացել:

 


© 2009 ARMENPRESS.am