Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չկա. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական

15:25, 19 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին գերատեսչության առաջնային ուղղություններից մեկը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը:

«Որևէ առիթ չենք կորցնում համապատասխան հարթակներում բարձրացնելու այս հարցը: Ինչպես նաև մեր երկկողմ շփումների ընթացքում ջանքեր ենք գործադրում, որպեսզի հասնենք հիմնական խնդրին՝ Հայոց ցեղասպանության հնարավորինս լայն ճանաչմանը»,-ասաց Մարթա Այվազյանը:

Հարցին, թե արդյոք բանակցություններ նախատեսված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, Մարթա Այվազյանը նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չի գնում, որևէ բանակցություն նախատեսված չէ:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում:

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:


© 2009 ARMENPRESS.am